Այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 119 դեպք, որից 3-ը մահվան ելքով: Ներկայում հանրապետության բուժկանխարգելիչ կազմակերպություններում բուժվում է 2 հիվանդ: Մնացած հիվանդները, թվով` 114, առողջացումով դուրս են գրվել:
Հանրապետությունում շարունակվում է սուր շնչառական վիրուսային հիվանդությունների օրական մոնիթորինգը, ըստ որի հիվանդացությունը նվազել է: Նվազել են նաև շտապ օգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Ընթացիկ տարվա հունվարի 11-ից հանրապետության դպրոցներում վերսկսվել է ուսումնական գործընթացը: Գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով նշված կազմակերպություններում վերսկսված աշխատանքների կապակցությամբ իրականացվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մշտադիտարկում:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ խստորեն պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունները կանխարգելելու համար.
- հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ
- եթե հիվանդ եք մի հաճախեք աշխատանքի, մնացեք տանը
- մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին
- հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանի մեջ
- հաճախակի օդափոխեք փակ տարածքները
- հագնվեք եղանակին համապատասխան: