Ամբողջ աշխարհում շարունակվում է գրիպի A H1N1 վիրուսային վարակի պանդեմիկ իրավիճակը: Սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը եվրոպական տարածաշրջանում, նաև մեր երկրում ունի նվազման միտում:
Հանրապետությունում շարունակում են գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները: Օրական մոնիտորինգի տվյալների համաձայն` նշված հիվանդություններով հիվանդացությունը 2009թ. միևնույն ժամանակահատվածի համեմատ գտնվում է գրեթե միևնույն մակարդակի վրա: Անցած ամիսների համեմատ նույն մակարդակի վրա են շտապօգնության կանչերը:
Բնակչության շրջանում իրականացվում են առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: Զանգվածային լրատվամիջոցներով պարբերաբար հեռարձակվում են գրիպին նվիրված հաղորդումներ:
Գրիպի և սուր շնչառական վիրուսային հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով հանրապետության մանկական նախադպրոցական կազմակերպություններում և դպրոցներում շարունակվում է ամենօրյա ջերմային ռեժիմի և բացակա երեխաների մոնիտորինգը:
Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում է, որ պետք է իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք ուղղված են սուր շնչառական վիրուսային հիվանդությունների կանխարգելմանը` անկախ եղանակի տաքացումից.
- հնարավորինս խուսափեք շփվել գրիպով հիվանդ անձանց հետ,
- եթե հիվանդ եք, մի հաճախեք աշխատանքի, մնացեք տանը,
- մի զբաղվեք ինքնաբուժմամբ, անմիջապես հրավիրեք ձեր տեղամասային մանկաբույժին կամ թերապևտին,
- հազալիս կամ փռշտալիս փակեք բերանն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,
- հաճախակի օդափոխեք փակ տարածքը,
- հագնվեք եղանակին համապատասխան: